Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում:
Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2020 թվականին նույն ծրագրով վերակառուցվել է նաև մշակույթի տան տանիքը: