Սյունիքի մարզի միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող գյուղերում սննդամթերքը մատակարարվում է շրջանցող ճանապարհով և ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարը Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:
Ըստ Վահան Քերոբյանի՝ այլընտրանքային ճանապարհով ոչ բոլոր մեքենաները կարող են անցնել, ուստի Կապանի հատվածում դեռ կան կուտակումներ: Նախարարը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունը արդյունք կտա, և ճանապարհը շուտով կբացվի:
«Իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է՝ այդ ճանապարհը այսօր աշխատում է, և այդ ճանապարհով բեռները անցնում են: Էլի եմ կրկնում՝ մենք շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ ճանապարհը բացվի»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: