Նիդեռլանդները, և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ԵՄ միջոցով, Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին,- Ամստերդամի դիրքորոշումը հոլանդացի քաղաքական գործիչներին ուղղված նամակում վերահաստատել է Նիդեռլանդների արտգործնախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը: Նա ծավալուն նամակով պատասխանել է 2021-ի հուլիսի 14-ին խորհրդարանականների կողմից կառավարությանն ուղղված հարցերին, որոնք վերաբերում են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Արցախի շուրջ զարգացումներին, հայ գերիների խնդրին, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Հայ գերիների վերադարձի անհրաժեշտության մասին Նիդեռլանդները բարձրաձայնել է նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։
Սիխրիդ Կաախ (Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար) - Հարկավոր է շարունակել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով։
Նիդեռլանդները շարունակելու է պաշտպանել անկախ հետաքննության իրականացման և պատասխանատվության կարևորությունը. այսպես է հոլանդացի պաշտոնյան պատկերացնում ռազմական հանցագործությունների բացահայտումը: Նա հայտնել է նաև, որ Հայաստանը դրական է արձագանքել անկախ հետաքննության առաջարկությանը, սակայն Ադրբեջանից արձագանք չի եղել։
Սիխրիդ Կաախ - Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն անկայուն է: Հրադադարի ռեժիմը փխրուն է, առաջնահերթ խնդիրը մնում է հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում՝ նշում է Կաախը: Ինչու Նիդեռլանդների դեսպանն այցելեց Շուշի. հարցին ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանում է. իրենց կարծիքով՝ դա հնարավորություն էր տեղում սեփական աչքերով ծանոթանալ իրավիճակին և հավաքել ավելի մանրամասն տեղեկություն:
Նիդեռլանդների արտգործնախարարի պաշտոնակատարը չի շրջանցել նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության թեման՝ արձանագրելով՝ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքիշխան տարածքում:
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի վարչապետի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման առաջարկին, մինչդեռ Ադրբեջանը չի համաձայնվում նաև այս գործընթացին: Սահմանային էսկալացիաների հաղթահարման գործում պաշտոնական Ամստերդամը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարումը: