Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել են՝ արդյոք պատվաստվածների շրջանում եղե՞լ են կորոնավիրուսով վարակման դեպքեր:
«Այո՛, ունենք վարակման դեպքեր: Իրականացրել ենք 267 հազար պատվաստում, դրա շրջանակներում մի քանի տասնյակ դեպքեր ունենք, որ քաղաքացիները վարակվել են: Բայց նաև ունենք, որ շատ ավելի մեղմ է ընթացել հիվանդությունը նրանց մոտ: Ծանր դեպքեր չենք ունեցել: Այս «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության բարձր մակարդակի առումով, թե՛ հիվանդացության ծանր ընթացքով»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց և չունեն որևէ հակացուցում, պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։
«Պիտի անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, կյանքը: Իհարկե, անհարմարությունները և որոշակի սահմանափակումները ևս գործիքակազմ են, որով պիտի հասնենք այդ նպատակին: Իհարկե, պատվաստումները կարևոր են, բայց եթե անձինք որոշ պատճառներով հրաժարվում են պատվաստվել, ապա նրանց հնարավորություն է ընձեռվում հավաստելու ոչ վարակակիր լինելու փաստը և ներկայանալու աշխատանքի՝ չվարակելու իր կոլեգաներին»,- նշեց Ավանեսյանը: