Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում արդեն իսկ շուրջ երեք տասնյակ ընկերություն համագործակցության պատրաստակամություն է հայտնել։
Նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընթացներ, իրականացնել համապատասխան քայլեր՝ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու, փորձագիտական աշխատանքների, փորձի փոխանակման, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մշակման ուղղությամբ։
Վերապատրաստումներից, համապատասխան դասընթացներ իրականացնելուց հետո համագործակցության շրջանակում նախատեսվում է աշխատանքով ապահովել շուրջ 400 քաղաքացու։ Համագործակցության պատրաստակամություն են հայտնել մի շարք ընկերություններ:
Ծրագրվում է առաջիկայում վերոնշալ կազմակերպությունների հետ անցկացնել անհատական հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ իրականացվելիք աշխատանքները հստակեցնելու և ճշգրտելու համար:
Հիշեցնենք, որ հուշագիրը կնքվել է 2021 թ․ հուլիսի 15-ին՝ նախարար Նարեկ Մկրտչյանի և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ՀԽ նախագահ Տիգրան Առաքելյանի կողմից՝ երկու երկրների պետական և մասնավոր հատվածների ներուժի համախմբման ու Ֆրանսիայի կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողված ծրագրերի փորձի փոխանակման նպատակով։
Հուշագրի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել առանձնացնել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունները, ապահովել նախարարության ոլորտային պատասխանատուների ներգրավվածությունը, ներկայացնել ծրագրային առաջարկներ ու նոր նախաձեռնություններ:
ՖՀ ԱԱՊ-ն պարտավորվել է ներգրավել պալատի նվիրատու և հովանավոր անդամ ընկերություններին՝ նախարարության կողմից մշակված սոցիալական ծրագրերի իրականացումը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև ապահովել ֆրանսիական ընկերությունների կողմից փորձագիտական աշխատանքների իրականացումը Հայաստանում սոցիալական բնակարանաշինության էկոհամակարգի ստեղծման և զարգացման հարցում։