Ղազախստանի Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում բռնկված հրդեհի ու պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 5 մարդ, վիրավորների թիվն անցնում է 60-ից՝ հայտնում է Interfax-ը:
Ըստ տեղեկությունների՝ գիշերը զինապահեստում մոտ 10 պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: Միջադեպի պատճառներն առայժմ պարզ չեն, հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ պահեստում պահվում էր հիմնականում ինժեներական զինամթերք, որը վտանգավոր է փոքր տարածքի դեպքում:
Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառով: Նախարարն առայժմ իր առաջնային խնդիրն է համարել պայթյունների հետևանքների վերացումը: