«Տնտեսական ազատության ինդեքս 2021» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 2 հորիզոնականով բարելավել է դիրքը՝ 178 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը: Հնարավոր 100 միավորից Հայաստանը ստացել է 71.9: Սա նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 1.3 միավորով:
Տնտեսական ազատության ինդեքսը գնահատվում է ըստ 12 գործոնների, որոնք խմբավորված են 4 բաղադրիչներում.
օրենքի գերակայություն, այսինքն՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, արդարադատության արդյունավետություն, կոռուպցիայի բացակայություն, պետական հատվածի մեծություն, այսինքն՝ պետական ծախսեր, հարկային բեռ, հարկաբյուջետային կայունություն.
պետական կարգավորման արդյունավետություն, այսինքն՝ գործարարության, աշխատանքի, դրամավարկային ազատություն.
շուկայական ազատություն, այսինքն՝ առևտրի, ներդրումային, ֆինանսական ազատություն:
Գրանցած արդյունքի վերաբերյալ գրառում է արել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ ԵԱՏՄ տարածքում Հայաստանն ամրապնդում է ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։
Վահան Քերոբյան (էկոնոմիկայի նախարար) - Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու, բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով:
Տնտեսական ազատության ինդեքսի հինգ խոշոր կատեգորիաներում Հայաստանը դասվում է «Հիմնականում ազատ» երկրների շարքում: Տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավումը դրական է գնահատում, սակայն նշում է, որ այստեղ հաշվի չի առնվել պատերազմի գործոնը:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշները վերաբերում են 2019 թվականի հուլիսից մինչև 20 թվականի հուլիսի ցուցանիշներին, չնայած այդ հաշվարկը կատարվել է 21 թվականին և համարվում է 21 թվականի զեկույց:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանն այս ինդեքսում ամենաբարձր դիրքն է զբաղեցնում: Ղազախստանը 34-րդ հորիզոնականում է, Ղրղզստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 92-րդ, իսկ Բելառուսը՝ 95-րդ: Ընդհանուր առմամբ առաջատար եռյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան և Ավստրալիան:
Եղիշե Սողոմոնյան - 12 ցուցանիշից 8 ցուցանիշի մասով դինամիկան դրական է, երկուսի մասով՝ բացասական, երկուսի մասով փոփոխություն տեղի չի ունեցել»:
Տնտեսագետը նշեց նաև այն 2 հիմնական ուղղությունները, որտեղ մեծ աճ է գրանցվել այս ինդեքսում:
Ամենամեծ աճը՝ 15.5 տոկոս, գրանցվել է հարկաբյուջետային կայունության ինդեքսում, և դա պայմանավորված է դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերության նվազմամբ:
Երկրորդ բարելավումը մեծ չափով կատարվել է հարկային բեռի մասով՝ 2.2 տոկոս, որը պայմանավորված է դրույքաչափերի նվազմամբ: Շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս, եկամտային հարկը՝ 26 տոկոսից 23 տոկոս:
Ըստ Եղիշե Սողոմոնյանի՝ տնտեսական ազատության ինդեքսում բարձր տեղ գրավելը ցուցիչ է օտարերկրյա ներդրողների համար:
Եղիշե Սողոմոնյան - Դա ուղենիշային է իրենց համար, որովհետև, եթե այս ցուցանիշը ընդհանուր ցուցակում բարձր տեղ է գրավում՝ դա որոշակի ուղերձ է ներդրումներ կատարելու համար:
Նշենք, որ հարևան երկրներից Վրաստանը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 38-րդ, Թուրքիան 76-րդ, իսկ Իրանը՝ 168-րդ հորիզոնականը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան