Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը նույնիսկ Խորհրդային տարիներին մանակապարտեզ չի ունեցել: Համայնքն արդեն հիմնովին նոր կառուցված մանկապարտեզ ունի: Այն կառուցվել է երեք սուբվենցիոն ծրագրերով, եռակողմ պայմանագրով:
Գյուղի նախադպրոցական տարիքի մոտ 250 երեխայից 140-ը կհաճախի մանկապարտեզ, 5-6 տարեկանները՝ դպրոցին կից նախակրթարան: Մանկապարտեզում կգործի 5 խումբ: Հիմնովին կառուցված նոր շենքում ամբողջ գույքը նոր է: Նույնիսկ դաստիարակներն աշխատավայրում համապատասխան հագուստով են լինելու:
2019-2020 թվականների սուբվենցիոն ծրագրերով Կոտայքում հիմնովին 5 մանկապարտեզ է կառուցվել ու կառուցվում՝ ասում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Այս տարվա հաստատված 89 ծրագրից 50 տոկոսի շինաշխատանքներն արդեն սկսել են:
Մինչև նոյեմբեր շահագործման կհանձնեն նաև Արամուսի նոր մանկապարտեզը: Ջրագծեր, ճանապարհաշինություն, մանկապարտեզների ու մշակույթի տների նորոգում, համայնքային զարգացմանը նպաստող բոլոր ուղղություններով մարզում շինաշխատանքներ են ընթանում: 89 ծրագրերից գերակշիռ մասը ենթակառուցվածքներում է իրականացվում: