ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։
Արդյունքում՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1321-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակներում նախատեսվում է, որ շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատումից հետո՝ նրանք հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից։
Մասնավորապես, շահառուներն էլեկտրոնային հարթակի միջոցով հաշվետու եռամսյակների համար կգեներացնեն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումները, իսկ եկամտային հարկի վերադարձի համար անհրաժեշտ այլ տեղեկությունները (այդ թվում՝ վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին) հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կստանա համապատասխան կազմակերպություններից։
Շահառուները բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չեն ներկայացնի, միաժամանակ, էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները։ Այսպես, ներկայումս գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն էլեկտրոնային հարթակի ներդրման արդյունքում եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։
Մինչ էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձը պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, հաշվի առնելով շահառուների թվաքանակի աննախադեպ աճը, վերանայվել են ներկայումս գործող ընթացակարգերը։
Որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից հետո շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրել և գումարների վերադարձը իրականացնել կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Վարչությանը կից կստեղծվի մասնագիտական խումբ, որը բացառապես իրականացնելու է տոկոսագումարների վերադարձի գործընթացը։