Կառավարությունը հաստատեց «Պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և կառավարության երկու որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Սրանով Արցախի 2021 թվականի սեպտեմբերի բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով բավարար միջոցներ են հատկացվում:
«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար: Նշված ծախսերը ժամանակին կատարելու համար, ի լրումն 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների, ներկայացվում է լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կատարելու վերաբերյալ հերթական առաջարկությունը»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը հիշեցրեց, որ սա արդեն թվով 3-րդ նման որոշումն է:
«Այս որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է 13.4 միլիարդ դրամ, որը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբերի համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների գծով ֆինանսավորման, կապիտալ ներդրումների իրականացման նպատակով: 3 միլիարդ դրամ կհատկացվի աշխատավարձերին, 1.2 միլիարդ դրամ՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների գծով բնակչության ծախսերի փոխհատուցմանը»,- ասաց Խաչատրյանը: