Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն:
Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը:
Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ և հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում:
Ա. Գասպարյանը բարձր է գնահատել Սևանա լճում ՀՓՋ-ների և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի գործունեությունը քաղաքացիների անվտանգության ապահովման և պատշաճ հսկողություն սահմանելու առումով:
ՀՓՋ-ների շենքային պայմանների վերաբերյալ զեկուցել են ծառայության տնօրենի տեղակալներ Կարապետ Մանուկյանը և Տիգրան Պետրոսյանը: Նշվել է, որ 11 շինություն այսօրվա դրությամբ հիմնովին վերանորոգման կարիք ունի:
ՓԾ ղեկավարը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել նաև COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ: