Նորաստեղծ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն արդեն սկսել են աշխատանքներն ու փոխնախագահներ են ընտրում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ՝ կայացավ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ փոխնախագահ ընտրվեց իշխանության ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը: Այս քննարկման շրջանակում էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ կապված Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանին ու Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին ու դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշման հետ: Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ի կողմից ընդունված ցանկացած որոշման համար կրում է պատասխանատվություն:
«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թագուհի Ղազարյանն էլ ընտրվեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, թեև ընդդիմության 2 ներկայացուցիչ դեմ քվեարկեցին: Իսկ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը գործընկերներին բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ նկատելով, որ անելիքները շատ են:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տևեց ընդամենը 4 րոպե: Օրակարգում մեկ հարց էր՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ընտրվեց իշխող ուժը ներկայացնող Մերի Գալստյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էլ արտահերթ նիստ գումարեց՝ հանձանաժողովի փոխնախագահ ընտրելու համար: Այս հանձնաժողովում տեղակալը պետք է ընդդիմության ներկայացուցիչը լինի: Առաջադրում արեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թեկնածուն Հայկ Մամիջանյանն էր:
Ընդդիմության նախագահած ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի օրակարգում էլ փոխնագահի ընտրության հարցն էր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Բաբկեն Թունյանին: Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ առաջադրեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող իր գործընկերոջ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, սակայն ստիպված եղավ հանել այն, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքն այս հանձնաժողովում ընդդիմությանը փոխնախագահ առաջադրելու հնարավորություն չի տալիս: 4 կողմ , 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ում նախագահել էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
Խորհրդարանական հանձնաժողովները քննարկեցին և հաստատեցին նաև հանձնաժողովի աշխատակարգն ու հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը: