Սեպտեմբերին Դանիան նախատեսում է վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք հաստատվել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում՝ հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարարության ղեկավարին:
«Համաճարակը վերահսկողության տակ է: Մենք ունենք պատվաստումների ռեկորդային ցուցանիշ, ինչը հնարավորություն է տալիս սեպտեմբերի 10-ին վերացնել բոլոր այն հատուկ կանոնները, որոնք հաստատել էինք COVID-19-ի դեմ պայքարի համար»,- ասել է Դանիայի առողջապահության նախարար Մագնուս Հեունիկեն:
Նրա խոսքով՝ Դանիայում կորոնավիրուսն այլևս չի ընդունվում որպես «հասարակության համար առանձնապես վտանգավոր սպառնալիք»: Նախարարը նաև նշել է, որ երկրի իշխանությունները վճռական և արագ կգործեն, եթե վարակը կրկին «սպառնա հասարակության հիմնարար ոլորտներին»:
Նախատեսված է սեպտեմբերի 10-ից չեղարկել գիշերային ակումբներ այցելելու համար պարտադիր «սանիտարական անցաթուղթը», սեպտեմբերի 1-ից դրա պահանջը կվերացվի ռեստորաններ, մարզասրահներ և վարսավիրանոցներ այցելելիս:
Դանիայի բնակչության ավելի քան 70 %-ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դանիայում, համաճարակի սկզբից ի վեր, հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 340 հազար դեպք, որից մոտ 2,5 հազարը՝ մահացու: