ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման:
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը:
Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի, և բոլորի համար կապահովեն հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար:
Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հանձնաժողովը հաստատեց նաև գործունեության աշխատակարգը: