Արմավիր քաղաքը 90-ամյակը կտոնի բարեկարգ փողոցներով, նորոգված բակերով, կանաչապատ զբոսայգիներով: Երիտասարդ քաղաքը ակնահաճո է դառնում սուբվենցիոն ծրագրի շնորհիվ: Համայնք-պետություն համաֆինանսավորմամբ ասֆալտապատվում է քաղաքի ամենալայն՝ Արարատյան փողոցը: Այստեղ ըստ անհրաժեշտության կփոխվեն կամ կվերատեղադրվեն նաև եզրաքարերը:
Դավիթ Խուդաթյան (Արմավիրի քաղաքապետ) - Համաֆինանսավորմամբ աշխատանք է արվում նաև Աբովյան փողոցում, մեկ այլ ծրագրով այդտեղ նաև ջրագծերը կփոխվեն: Այս պահին աշխատանքներ են ընթանում նաև բակերում:
Առաջնահերթությունը կենսական նշանակության, բայց դժվարանցանելի դարձած փողոցներինն է: Նորոգված ճամփաները ժամանակի առումով էապես կկրճատեն գյուղերն Արմավիրին կապող հեռավորությունը: Բայց միայն նոր ասֆալտով չէ, որ կուրախանա արմավիրցին: Նաև հանգստի գոտի է կառուցվում. 2-րդը՝ քաղաքում: Ներդրողները երեքն են՝ պետություն, համայնք, մասնավոր. դասական գործակցություն:
Դավիթ Խուդաթյան - Այգում առաջին փուլում սալիկապատման աշխատանքներ են իրականացվել, տեղադրվել են նստարաններ, կառուցվել է լուսավորության ցանց:
Նախկինում այստեղ միայն ջրի պակասից չորացող ծառեր էին: Հիմա ոռոգման ջուր են անցկացրել, կյանք տվել այգուն: Շինարարական աշխատանքները չավարտված՝ այգին արդեն կանչում է արմավիրցիներին:
Շողիկ Թազամփյան (Արմավիրի բնակիչ) - Էսթետիկական բավականություն ենք ստանում, որ օգտվում ենք զբոսայգուց, շատ հարազատ է մեր քաղաքը, ուզում ենք ավելի բարեկարգ տեսնել:
Արմավիրում այլ աշխատանքներ ևս կատարվում են: 60-ականներին կառուցված մարզադաշտը, որ երբևէ չէր վերանորոգվել, մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման: Միակողմանի տրիբունայով մարզադաշտը հիմնանորոգվում է ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով: Նախատեսված է 3500 հանդիսականի համար, հագեցած մարզումների ու հանգստի բոլոր միջոցներով: Խոտածածկն էլ վատը չէ:
Ստեփան Դավթյան (Արմավիրի քաղաքապետարանի աշխատակից) - Մի մասը բնական խոտածածկ է, որը ժամանակի ընթացքում ավելի լավ տեսքի կբերվի, մյուսը՝ արհեստական:
Վերջին 3 տարում այնքան աշխատանք է արվել Արմավիրում, որքան չի արվել նախորդ տասնամյակներին՝ ասում է քաղաքապետ Խուդաթյանը:
Դավիթ Խուդաթյան - Եթե այս տեմպերով լիներ նաև նախորդ տարիների ընթացքում, այս պահին Արմավիրը այլ տեսք կունենար, և մենք կմտածեինք ոչ թե ենթակառուցվածքների նորոգման, այլ զրոյից նոր ճանապարհների և այլնի կառուցման մասին:
Աշխատանքներ դեռ շատ կան: Բայց միակ գործը, որ մինչև տարեվերջ կհամարեն ավարտված, փողոցների լուսավորությունն է: