2021 թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղիի սկզբնամասում միմյանց են բախվել համագյուղացիների վարած Iveco և Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Mercedes Benz-ի վարորդը և ուղևորը՝ ծնված 20.11․2004 թ., մահացել են տեղում, իսկ նույն ավտոմեքենայի մյուս երկու ուղևորները՝ ծնված 07․03․2006 թ. և 24․10․2007 թ., տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է՝ գիտակցության չգալով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ. նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի ուղեգոտում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: