Որ քաղաքացիներն ինքնաբուժությամբ չզբաղվեն ու ֆինանսական խնդիրների պատճառով այլևս չխուսափեն բժշկին դիմելուց՝ Հայաստանում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ: Քաղաքացին կունենա ապահովագրական պայմանագիր և կօգտվի այն բժշկական ծառայություններից, որոնք ընդգրկված կլինեն ապահովագրական փաթեթում: Նպատակը բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է: Քաղաքացիները կանխավճարի միջոցով կապահովագրեն իրենց առողջությունը:
Սամվել Խարազյան (ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ) - ՄԱԿ-ի երկրների հայտարարագրում 2019 թվականի, որին նաև միացել է Հայաստանը, նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը պետք է բոլոր երկրներն անցնեն համընդհանուր առողջապահական ծածկույթի, ինչը այս հայեցակարգի միջոցով նաև կառավարությունը փորձում է իրականություն դարձնել:
Եթե քաղաքացին աշխատող է և եկամտի այլ աղբյուր չունի, աշխատավարձից որոշակի հատկացումներ պետք է կատարի: Վերահաշվարկվում է ծառայությունների փաթեթը: Առողջապահության նախարարությունը նախագծի վերախմբագրված տարբերակը շուտով կներկայացնի հանրային քննարկման:
Սամվել Խարազյան - Հիմա իրականացվում են աշխատանքներ ընդհանուր առմամբ հարկային քաղաքականությանը համահունչ համակարգի ներկայացման նպատակով: Փորձելու ենք ընդգրկել բնակչության բոլոր խմբերին, որոնք այսօր որոշակի ձևով աշխատողներ են կամ այլ տեսակի եկամուտներ են ստանում: Մասնակցային ապահովումը պետք է իրականացվի, և ընդհանուր առմամբ ներառական պետք է դառնա այս համակարգը, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ մասնակցի և ստանա այդ ծառայությունները հետագայում:
Քննարկվում է նաև առողջության ապահովագրավճարի համար գործատուի մասնակցության հարցը: Հաշվի կառնեն միջազգային փորձը, որպեսզի հասկանան՝ թե ինչ կարգով այն պետք է իրականացնել՝ ասում է Վարդուհի Պետրոսյանը: Շեշտում է՝ մոտեցումները տարբեր են:
Վարդուհի Պետրոսյան (Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան) - Կարևոր է, որ աշխատող մարդիկ վճարում կատարեն ինչպես նաև վճարում կատարեն այն մարդիկ, ովքեր ունեն հարստություններ, այսինքն՝ հարստության վրա տարբեր տեսակի հարկեր կան, որպեսզի այդ համակարգին նաև այդ հարկերից գնան, ինչպես նաև հնարավոր է, որ ինչ-որ մի անհատը կարող է աշխատում է, բայց գրանցված աշխատող չէ: Այսինքն՝ այստեղ մոտիվացիա պետք է լինի, այդ մարդը կարող է նույն ապահովագրական ծառայություններից օգտվել, բայց իր վճարումը գուցե կարող է ավելի բարձր լինել, որը մոտիվացիա կստեղծի, որ մարդիկ գրանցված աշխատանք ունենան:
Հայեցակարգի նախնական տարբերակը հանրային քննարկման էր ներկայացվել 2019-ին: Նախորդ հաշվարկով նախատեսվում էր, որ քաղաքացին առողջության ապահովագրության համար տարեկան պետք է վճարեր մոտ 76 հազար դրամ:
Սամվել Խարազյան - Մարդն իր առողջապահական ծախսերի համար չի վճարում հենց ծառայությունները ստանալիս, այլ կանխավճարի ձևով իր եկամտի որոշակի չափաբաժին ամսական կտրվածքով տրամադրելով, երբ առիթ է հանդիսանում, այդ պահը գալիս է ծառայություն ստանալու և դրա դիմաց վճարելու, ինքը այլևս չի մտածում միանգամից որոշակի մեծ գումար այդ պահին վճարելու մասին:
Նախատեսվում է համակարգը ներդնել 2023-ից: Այժմ վերահաշվարկը նախնական է, փաթեթում ընդգրկվող ծառայությունների քանակից պարզ կլինի, թե ամսական աշխատավարձի քանի տոկոսը կփոխանցի ապահովագրությանը:
Սամվել Խարազյան - Շատ գործոններ պետք է հաշվի առնվեն: Այդ պահի դրությամբ բնակչության սեռատարիքային կազմը, նույն իմ ասած ֆինանսական պաշտպանվածության ցուցանիշները բժշկին չդիմելու պատճառները և այլն. բազմաթիվ գործոններ կան, որոնց ազդեցության արդյունքում գումարը կարող է մեծանա կամ փոքրանա:
Վարդուհի Պետրոսյան - Մարդիկ, որոնք չեն աշխատում, խոցելի խումբ չեն, իրենք նույնպես կատարում են որոշակի վճարումներ, կամ այնպիսի երկրներում, որտեղ գյուղատնտեսությունն է զարգացած, էդտեղ հարկման մեխանիզմը տարբերվում է, քանի որ աշխատավարձ այդ մարդիկ չեն ստանում, այլ իրենք այդ վճարումները համակարգին կարող են անել, որոշակի տոկոս հողի հարկից հատկացվում է այդ առողջապահական ծածկույթը ապահովելու համար:
Հայաստանում ներդրվող համակարգի ծառայությունների փաթեթում նախատեսել են ընդլայնել դեղորայքի ապահովման, փոխպատվաստման ու վերականգնողական ծառայությունները: