Գորիս-Կապան միջպետական մայրուղին մոտ 2 օր փակ պահելու դեպքին անդրադարձով է սկսվել այսօր կառավարության նիստը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք: Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել:
Այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի զգալի մասը գրունտային է, նորոգման աշխատանքներն այս հատվածում մեկնարկել են 2020 թվականին: Ընդհանուր առմամբ՝ շինարարության համար հատկացվել է 8 մլրդ 900 մլն դրամ: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց աշխատանքներն ավարտել մինչև տարվա վերջ:
Նիկոլ Փաշինյան - Միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման, հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես՝ Սյունիքի մարզում, պիտի իրականացնենք մինչև տարվերեջ. Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար:
Տաթև-Աղվանի-Կապանն ունի ռազմավարական նշանակություն: Այժմ այն դժվարանցանելի է: 68 կիլոմետրանոց ճանապարհի 43 կիլոմետրը փաստացի կառուցվում է զրոյից: Առաջին 12,5 կիլոմետրի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարի և գրեթե ավարտվել են:
Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կիլոմետրի հատվածում այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Շինարարները ստիպված են այն լայնացնել, ինչը բարդ խնդիր է ժայռաբեկորների պատճառով: Սակայն պատասխանատուները վստահեցնում են, որ ճանապարհը պատրաստ կլինի նախատեսված ժամկետներում:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից նշում են՝ ճանապարհը երթևեկելի կլինի նաև կցորդով բեռնատար մեքենաների համար: