Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անդրադարձավ Սյունիքում ստեղծված իրավիճակին:
«Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:
Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պետք է զարգացնենք, առաջ տանենք:
Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող:
«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով տարածաշրջանային խաղաղության թեման՝ Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական, հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:
«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- նշեց վարչապետը: