Օգոստոսի 26-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:
Երկրորդ տեղում Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:
Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը: