Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱՀ-ում բջջային կապի ու համացանցի խափանումներին՝ տեղեկացնելով, որ դրանք խլացվում են ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։
«Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցները, մասնավորապես՝ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է՝ աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։
Հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։
Հավաքված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։
Ադրբեջանը օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։
ՄԻՊ աշխատակազմ ստացված պարզաբանումների համաձայն՝ հարցը ներկայացվել է ռուս խաղաղապահների ուշադրությանը, պետական իրավասու մարմինների կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական հզորությունների կատարելագործման և ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ-ը։