Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած մի քանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ից: Նրանց թվում 90-ը աֆղանստանցիներ են, 13-ը՝ ամերիկացի զինծառայողներ: Հաղորդվում է ավելի քան 150 վիրավորի մասին: Պայթյունները կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ: Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» արմատական շարժումը վճռականորեն դատապարտել է տեղի ունեցածը և խոստացել է պատասխանատվության ենթակել մեղավորներին: ՄԱԿ-ը դատապարտել է պայթյունների իրականացումը: Ահաբեկչական գործողություններին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ նախազգուշացնելով պատասխանի մասին:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այս հարձակումը, նաև ցանկացած ոք, ով ցանկանում է վնասել Ամերիկային, պետք է իմանա՝ մենք չենք ների: Մենք ձեզ կգտնենք և կստիպենք պատասխան տալ: Ես կպաշտպանեմ մեր շահերը և մեր մարդկանց բոլոր հնարավոր միջոցներով:
Ավելի վաղ, մի շարք երկրներ հայտարարել էին օդանավակայանում ահաբեկչական սպառնալիքի մասին՝ իրենց քաղաքացիներին հորդորելով հեռանալ օդանավակայանի տարածքից: Գիշերվա ընթացքում օդանավակայանում հնչել է ևս 7 պայթյուն: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դրանք եղել են վերահսկվող պայթյուններ: Այդ կերպ Միացյալ Նահանգների զորախումբը, օգոստոսի 31-ին ընդառաջ, ոչնչացրել է տարբեր սարքավորումներ և սպառազինություն: Պենտագոնը նոր ահաբեկչություններ է կանխատեսում Քաբուլում:
Քաբուլի օդանավակայանից քաղաքացիների տարհանումը շարունակվում է: 11 օրում Քաբուլի օդանավակայանից տարհանվել են Միացյալ Նահանգների և դաշնակից երկրների ավելի քան 100 հազար քաղաքացի, նաև նրանց հետ աշխատած աֆղանստանցիներ: Տարհանման ավարտին մնացել են հաշված օրեր:
Բազմաթիվ երկրներ արդեն դադարեցրել են Աֆղանստանի Քաբուլի օդանավակայանից իրականացվող տարհանման գործընթացը: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտարարել է Լեհաստանը: Օգոստոսի 26-ին տարհանման վերջին չվերթերն են իրականացրել Բելգիայի և Նիդերլանդների օդանավերը:
Օգոստոսի 27-ին օդային ճանապարհով աֆղանստանցիների տարհանման գործընթացը կդադարեցնեն նաև Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ֆինլանդիան: Միացյալ Նահանգները մտադիր է տարհանման և զորքերի դուրսբերման գործընթացը շարունակել ընդհուպ մինչև «Թալիբանի» հետ նախապես պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը: Քաբուլի օդանավակայանից աֆղանստանցիների տարհանումը դադարեցրած որոշ երկրներ հայտարարել են, որ շարունակելու են ջանքերը ցամաքային ճանապարհներով տարհանման գործընթացը շարունակելու համար:
Օգոստոսի 26-ին Աֆղանստանից դուրս է բերվել Ադրբեջանի 120 հոգանոց զորախումբը: Ադրբեջանցի խաղաղապահները, նրանց զենքն ու ռազմական գույքն օդային ճանապարհով տեղափոխել են Անկարա և առաջիկայում կլինեն Ադրբեջանում:
Թուրքիան նույնպես սկսել է Աֆղանստանից իր 600 հոգանոց զորախմբի դուրսբերումը: «Թուրքիայի զինված ուժերի տարհանումը Աֆղանստանից սկսվում է ստեղծված իրավիճակի և պայմանների գնահատման և տարբեր շփումների արդյունքում»,- հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: