Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը պատրաստ է, որքան հնարավոր է, ժամանակին համընթաց շարժվել՝ միաժամանակ ապավինելով իսլամի օրենքներին: Երաժշտությունը կարգելվի, բայց կանայք կկարողանան տնից դուրս գալ ամենօրյա գործերի համար՝ առանց արական սեռի ազգականի ուղեկցության՝ ասել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը The New York Times-ի հետ հարցազրույցում:
«Երաժշտությունն արգելված է իսլամում: Հույս ունենք, որ ճնշում գործադրելու փոխարեն կկարողանանք համոզել մարդկանց չանել անընդունելի բաներ»,- ասել է Մուջահիդը:
Նրա խոսքով՝ թալիբները ձգտում են «վերականգնել տասնամյակների պատերազմում ավերված երկիրը»: «Մենք ցանկանում ենք ապագա կառուցել և մոռանալ անցյալում կատարվածի մասին»,- ասել է նա:
Մուջահիդն անդրադարձել է Աֆղանստանի կանանց ճակատագրին, որոնց ապրելակերպը թալիբների իշխանության գալուց հետո անհանգստացնում է համաշխարհային հանրությանը: Նա հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում կանայք կկարողանան վերադառնալ իրենց առօրյա գործունեությանը: Մտավախությունը, որ թալիբները կստիպեն կանանց մնալ տանը և հրապարակավ ծածկել իրենց դեմքերը, անհիմն է՝ ասել է նա: Մուջահիդը հավելել է, որ կնոջ՝ հասարակական վայրում արու ազգականի ուղեկցությամբ հայտնվելու պահանջը սխալ է ընկալվել: Նրա խոսքով՝ դա վերաբերում է միայն երեք օրով կամ ավելի երկար ժամանակով ուղևորություններին:
«Եթե նրանք գնում են դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց, նրանց անհրաժեշտ չէ մահրամ (ուղեկցող տղամարդ - խմբ.)»,- ասել է նա:
Միաժամանակ, Մուջահիդն Աֆղանստանի կանանց խորհուրդ է տալիս անվտանգության նկատառումներով առայժմ մնալ տանը, մինչև շարժման բոլոր անդամներին «չսովորեցնեն»՝ ինչպես վարվել կանանց հետ: Նա չի ժխտել, որ «Թալիբանի» զինյալներից շատերը հարգանքով չեն վերաբերվում կանանց ու ցավ են պատճառում նրանց: