ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ուրբաթ Աթենք կատարած այցի ժամանակ քննադատել է Թուրքիային՝ ասելով, որ այդ երկրի ներկա ղեկավարությունը հավատարիմ չէ ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, այն դադարել է լինել աշխարհիկ պետություն՝ հաղորդում է Infoteka24-ը:
Սենատոր Մենենդեսը Աթենքում է՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՆԱՏՕ-ի անդամ և հարևան Հունաստանն ու Թուրքիան երկար ժամանակ տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում, ներառյալ՝ Էգեյան ծովում տարածքային ու Միջերկրական ծովի արևելքում էներգակիրների նկատմամբ իրավունքները:
«Թուրքիան միջազգային հանրության միակ երկիրն է, որը, խախտելով օրենքի բոլոր կանոնները, պատերազմով է սպառնում Աթենքին, եթե Հունաստանն օգտագործի կղզիների տարածքային ջրերն ընդլայնելու իր իրավունքը»,- ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: