Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, Քաբուլում վեց պայթյուն է որոտացել, որոնց զոհերի թիվը գերազանցել է հարյուրը: Պարբերականը մեջբերում է Վաշինգտոնի պաշտոնյաների հղած տվյալները, որոնց համաձայն՝ պայթյունի զոհ է դարձել 90 աֆղանստանցի և 13 ամերիկացի, վիրավորների թիվն անցնում է հազարը: Ամերիկացի 20 վիրավորից 10-ի վիճակը ծանր է:
Նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը 2011-ից հետո Աֆղանստանում ամերիկյան զինուժի համար ամենամահաբեր օրն էր, և այն տեղի ունեցավ ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման համար սահմանված վերջնաժամկետից հինգ օր առաջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է հարձակումներ նախապատրաստել ԻՊ մաս կազմող «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման առաջնորդների և թիրախների վրա: Խմբավորումը մեղադրվում է Քաբուլի օդանավակայանում պայթյուններ կազմակերպելու համար:
ԱՄՆ ղեկավարը վստահեցրել է, որ ամերիկացի զինվորականները կգտնեն ու կպատժեն Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների մասնակիցներին:
Բայդենի խոսքերն ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ ամերիկացիների իրազեկվածության մասին առաջացրել են Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի զարմանքը: Իր Telegram ալիքում նա հարց է ուղղել. «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը գիտե՞ր, թե որտեղ են գտնվում ԴԱԻՇ-ի առաջնորդներն ու օբյեկտները»: