Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված շրջայցերը Երևանի վաճառքի կետերում:
Շրջայցի ընթացքում տեսուչները ստուգում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների պատշաճ իրականացումը:
Կարեն Զաքարյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում հաճախորդների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի դիմակների կրմանը, ինչպես նաև ջերմաչափման, ախտահանության գրանցամատյանների վարմանն ու պատշաճ գործելակերպի ապահովմանը:
Խախտում նկատելու դեպքում ՍԱՏՄ մասնագետները նախ տեղեկացնում են վաճառքի կետի ղեկավարին, ապա կազմում համապատասխան արձանագրությունը:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Հաճախորդների մի մասը և աշխատակիցների մի մասը չէին կրում պաշտպանիչ դիմակներ, որի համար կազմվել է արձանագրություն և արձանագրությունն առաջին անգամվա համար կիրառվում է նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում 150-300 հազար դրամ տուգանք է նախատեսվում:
Սուպերմարկետում, թեև դիմակները պատշաճ դնելու խնդիր կար, ջերմաչափումների և ախտահանման մատյանների հետ ամեն ինչ կարգին էր: Տնտեսվարողները պարտավոր են օրվա մեջ երկու անգամ չափել աշխատակիցների ջերմությունը, արդյունքը գրանցել մատյանում, ինչպես նաև ախտահանել շփման մակերեսներն ու այդ մասին ևս նշում կատարել:
Էդիկ Եղոյան (մասնաճյուղի մենեջեր) - Դա միշտ արվել է, անցած տարվանից սկսած, մենք իրենց ցույց էլ տվեցինք, ունեինք լրիվ ցանկը: Պարբերաբար արվում է, ախտահանումն էլ է արվում, ջերմաչափումն էլ է արվում, բոլոր կանոնները պահպանվում են:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 9 օրում 71 շրջայց է կատարել, 9 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է արձանագրություն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան