Արևմտյան Հայաստանից գաղթածները երկար դեգերումներից հետո Ալեքսան անունով ղարսեցի մեծահարուստ վաճառականի գլխավորությամբ հաստատվում են ներկայիս Մարտունու տարածքում, կառուցում իրենց նոր տունը, պահպանում ու սերունդներին փոխանցում հեռվում մնացած հայրենիքի սովորույթները, ավանդույթներն ու զբաղմունքը:
Այսօր արդեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս հին լուսանկարներում գյուղի առաջին բնակիչներն են: Նրանց ժառանգներից ոմանք Հայաստանում չեն ապրում, բայց հիմա այստեղ են և փորձում են ցուցադրված լուսանկարներում գտնել իրենց նախնիներին:
Գյուղում աղքատներ չկան, բոլորը աշխատող մարդիկ են՝ վստահեցրեց իր տոհմի մեղվաբուծական ավանդույթները շարունակող Հայկ Հովհաննիսյանը: Մարտունի այցելած հյուրերն ականատես եղան նաև մեղրաքամի արարողությանը:
Գյուղի կանայք էլ ներկայացնում են ավանդական կերակուրների պատրաստման ընթացքը՝ արիշտա կտրելուց մինչև ձմռան համար հորած պանրի պատրաստում: Կենցաղի մանրամասն ցուցադրությունը պատմում էր գյուղի բնակիչների՝ իրենց տան, հող ու ջրի նկատմամբ սիրո ու նվիրվածության մասին:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան