Էջմիածնի ամենահին փողոցի ամենահին շենքերից մեկը՝ 1800-ականների այս կառույցը, երկրորդ կյանք է ստացել: Հոգևոր քաղաքի պատմությունից մի պատառիկ վերականգնվել է Միացյալ Նահանգներում բնակվող բժիշկ Արմեն Հովհաննիսյանի աջակցությամբ:
Էջմիածնում ծնված ու մեծացած բժիշկը հինն ու նորը համադրել և քաղաքին օդ ու ջրի պես անհրաժեշտ հյուրանոց է կառուցել՝ պարզ, նրբաոճ, դարերի փոշուց մաքրված մառանով:
Արմեն Հովհաննիսյան (բժիշկ) - 91 թվականից այս կողմ մենք ստեղծեցինք պաշտոնապես առաջին հյուրանոցը Էջմիածնում:
Պատմամշակութային արժեք ունեցող շենքի ամեն մի դետալը գրեթե նույնությամբ պահպանել են, իսկ ներքին հարդարման մեջ օգտագործել նույնիսկ այն նյութերը, որոնք կառույցը 19-րդ դարից կանգուն են պահել: Շինարարներից մեծ ջանքեր են պահանջվել՝ չվնասելու համար պատմության դրոշմը կրող կարևոր դետալները:
Արմեն Հովհաննիսյան - Մենք կարողացանք ամրացնել, 9 բալ երկրաշարժային ստանդարտներով:
Էջմիածնում հյուրանոց կամ հյուրատուն կառուցելու միտքը գործարար-բժշկի մոտ վաղուց էր հասունացել: Ասում է՝ զբոսաշրջային համբավ ունեցող քաղաքում, որտեղ հյուրերի հոսքը շատ է, այսպիսի կառույցի պակաս կար: Իսկ հյուրերը, որ քաղաքը վայելելու և դրա հոգևոր շունչը զգալու համար գոնե մի քանի օր Էջմիածնում ապրել էին ուզում, զրկված էին այդ հնարավորությունից:
Արմեն Հովհաննիսյան - Ես ուզում էի, որ մեր հյուրերը կարողանան ունենալ հյուրատուն, որն իր ստանդարտներով չզիջի որևէ երևանյան հյուրանոցի, մեր քաղաքը, լինելով հոգևոր կենտրոն, կարողանա մնալ քաղաք, որտեղ ամենաքիչը կարող են անցկացնել մեկ շաբաթ:
Դիանա Գասպարյան (Էջմիածնի քաղաքապետ) - Սա կլինի այնպիսի համալիր, որտեղ քաղաքի հյուրերը կզգան քաղաքի շունչը: Ամեն ինչ դրա համար արված է:
25-30 աշխատատեղ կբացվի: Պարբերաբար ջազի երեկոներ կկազմակերպվեն, կանցկացվեն շոու ծրագրեր: Ոչ միայն հյուրերը, այլև քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան այս կամարների տակ հաճելի ժամանակ անցկացնել, համեղ սնվել ու պարզապես երաժշտություն վայելել: Հյուրանոցում ապրողներին նաև բժշկական ծառայություն կմատուցվի:
Արմեն Հովհաննիսյան - Եթե ունեն որևէ խնդիր, որը հոսպիտալացվելու կարիք չունի, մեր հյուրերին առաջին կոնսուլտացիան անվճար կապահովեն հայախոս բժիշկները ԱՄՆ-ից:
Արմեն Հովհաննիսյանն այլ ծրագրեր էլ ունի՝ առողջ ապրելակերպին վերաբերող, որի մեկնարկը հավանաբար հաջորդ տարի կտրվի: Տնտեսության աճի համար ինքը պատրաստ է ներդրումներ անելու: