ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում» թեմայով` մասնավոր ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առողջապահական ապահովագրության սկզբունքները և ներդրմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Ողջունելով ներկաներին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներում ապահովագրական ընկերությունների հետ իրականացվող քննարկումների կարևորությունը:
«Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են դեռևս մեկուկես տարի առաջ, կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն համաճարակային իրավիճակով պայամանավորված՝ աշխատանքային գործընթացը փոքր-ինչ դանդաղեց: Այսօր կառավարությունից ունենք հստակ հանձնարարական՝ աշխատանքներն ավարտին հասցնելու, համակարգի ներդրման հստակ հայեցակարգ ներկայացնելու վերաբերյալ: Նախաձեռնել ենք մի շարք հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, անհատների հետ՝ նրանց առաջարկներն ու մոտեցումները լսելի դարձնելու համար»,- նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ համատեղ ջանքերով է հնարավոր ունենալ մի համակարգ, որը կլուծի Հայաստանի բնակչության բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:
Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ գործընկեր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում, որտեղ միաժամանակ կգործի պարտադիր ապահովագրական համակարգը, նաև կշարունակի գործել կամավորը:
Բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական դրույթները, հայեցակարգային սկզբունքները` շեշտադրելով մի շարք առանցքային հարցեր. ինչ խնդիրներ կլուծվեն համակարգի ներդրմամբ, ինչպես են պատկերացնում դրա իրականացումը և ինչ արդյունք են ակնկալում:
Այնուհետև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները քննարկվող հարցի վերաբերյալ բարձրաձայնել են իրենց մոտեցումներն ու առաջարկները: