Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Դավիթ Յուրչենկոն մարզվում էր անհատապես, իսկ Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չէին մասնակցում մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվում են այսօր կայանալիք «Ալաշկերտ» - «Ռեյնջերս» հանդիպմանը:
Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպիեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը, նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպիեում:
Ազգային հավաքականը Սկոպիե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան: Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին: