Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ «Թառ» կամ «Կարմիր Կատար» հրաբուխը ներառելով բնության հուշարձանների ցանկում, ինչը հնարավորություն կտա ներկայիս պայմաններում ապահովել բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը։
Իրավական ակտի ընդունման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Նրա հարավ-արևմտյան հիմքից հոսում է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որը այլ հոսքերի հետ միասին, առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել վերոնշյալ հրաբխի անխաթար վիճակի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը: