ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է ոլորտում հետազոտական բաղադրիչի բարելավման խնդիրը:
Նախարարի տեղակալը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում հետազոտահենք կրթության մոդելի ներդրումը` նշելով, որ նախարարությունը մեթոդաբանության մշակման հարցում ակնկալում է փորձագետների աջակցությունը: Որպես կրթության քաղաքականությունը մշակող կառույց` նախարարությունը փորձագետներին առաջարկել է ուսումնասիրություն իրականացնել` կատարելով իրավիճակի գնահատում, քարտեզագրում, խնդիրների վերհանում, հաջորդաբար նաև սահմանելով թիրախը ներկայացնել լուծման առաջարկներ և գործողությունների ճանապարհային քարտեզ: Բուհերի գործունեության արդյունավետ գնահատման նպատակով առաջնային է նաև կատարողականի հիմնական ցուցանիշների առաջարկի մշակումը: Այս առումով կարևորվել է հատկապես հաշվետվողականության բարձրացումը, բուհերում ժամանակակից և մրցունակ մասնագիտական կրթական ծրագրերի մշակումն ու ներդրումը:
«Բարձրագույն մասնագիտական կրթության պահանջները փոխվում են, և նախորդ դարի 80-ական թվականների մեթոդաբանությունը, որով հաճախ առաջնորդվում են մեր բուհերը, պետք է փոխվի: Լայնորեն կիրառվող դասական դասախոսության փորձը, անշուշտ, չի կարող վերանալ, սակայն պետք է վերլուծել, ապա նաև վերանայել կրթական ծրագրերում դրանց տոկոսային ծավալի հարցը` պայմանավորված հիմնարար, հումանիտար և այլ ուղղվածությունների առանձնահատկություններով»,- քննարկման ընթացքում նշել է փոխնախարարը` շեշտելով, որ հետազոտահենք կրթությունը պետք է ներդրվի բարձրագույն կրթության առաջին աստիճանից` բակալավրից սկսած` հաշվի առնելով նաև միջազգային առաջավոր փորձը:
Կարեն Թռչունյանը նշել է, որ փորձագետների առաջարկները հետագայում պետք է քննարկվեն նաև բուհերի ներկայացուցիչների հետ:
Խոսելով բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների մասին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն առավել կարևոր է համարել կրթության որակի հարցը: Նրա խոսքով՝ պետության համար առաջնայինը կրթության որակի հարցն է, որը պետք է դրվի նաև պետական պատվերի ձևավորման հիմքում:
Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են իրենց մոտեցումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակում հետագա հանդիպումների և աշխատանքային ձևաչափի վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը գործում է 2008 թվականից` «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի աջակցությամբ: Ներկա խումբը ձևավորվել է 2018 թ. նոյեմբերին` ԿԳՄՍ նախարարության համաձայնությամբ: