ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման երրորդ օրը ամբիոնին մոտեցան խմբակցությունների ղեկավարները: Առաջինը «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանն էր: Պատգամավորը նախ Սյունիքի իրավիճակից խոսեց, նկատեց՝ նախորդ երկու օրերին խորհրդարանական բանավեճերը մարտերի վերածվեցին, մինչդեռ երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:
Արթուր Վանեցյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Մինչև այս պահը մենք տեղյակ չենք, թե արդյոք Սյունիքը կտրվե՞լ է ՀՀ մնացած մարզերից, թե՞ ոչ, պաշտպանության նախարարն ասում էր, եթե ՀՀ ինքնիշխան տարածքը անգամ մեկ սմ խախտեն, ապա կիրառվելու է ուժ, և թշնամին դուրս է շպրտվելու: Պարո՛ն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այս հարցով, դա, ի վերջո, մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ:
Ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս - Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը՝ այս հարցի պատասխանն էլ ստանալու համար Վանեցյանը դիմեց դահլիճում նստած վարչապետին: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ հանրային տրամադրությունները շատ ավելի խորն են ու ռիսկային, քան ընտրության թվային արդյունքները: Անվտանգային խնդիրը համարելով ամենահրատապը՝ Արթուր Վանեցյանը անդրադարձավ բուն ծրագրին, պնդեց՝ լավ գաղափարներ կան, բայց չկա երաշխիք, որ դրանք իրականություն են դառնալու:
Արթուր Վանեցյան - Նման եզրահանգման հիմք է տալիս այսօր առկա մթնոլորտն ու հասարակական տրամադրությունները, նման եզրահանգման հիմք է տալիս գործող իշխանությունը, որը ինչքան ուժ ունի՝ չի հասկանում, իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես՝ չի կարելի հոսանքի հետ խաղալ, մինևնույն է՝ ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ ու մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից, նույնը մեր մոտ է:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԳՈՐԾԱԴԻՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԵՐԸ
Գործադիրի ծրագրային կետերը քննադատեց նաև «Հայաստան» դաշինքի ղեկավարը: Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ այն չի համապատասխանում պետության խնդիրներին, ու փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նախորդ մեկ տարում երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել սահմանները, չի փոխվել տարածաշրջանում մեր պետության կշիռը, ու չկան ահռելի անորոշություններ: Ստեղծված իրավիճակի պատասխանատվության սլաքները նորից ուղղելով գործող իշխանության կողմը՝ Օհանյանն առանձնացրեց ծրագրի պաշտպանական հատվածը, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման առաջարկը պոպուլիստական քայլ որակեց, իսկ անվտանգության թեմաների մասին կարգախոսով խոսելը՝ վտանգավոր:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Իհարկե կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ, բայց միայն մեր ազգային շահից բխած խելամիտ լուծումներով, այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի ու Արցախի համար բերելու է խոր շրջափակման, ինչպես մենք տեսնում ենք ժամանակավրեպ ռազմավարական կետերը, ճանապարհները Ադրբեջանին հանձնելու, ինչպիսի իրավիճակի է բերում այսօր նույն Կապանում:
Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ նաև վերջին օրերին բանակի շուրջ ծավալվող քննարկումներին: Օհանյանը դիմեց իշխանությանը, հայտարարեց՝ անտեղի խոսակցություններով եք ամենամեծ հարվածը հասցնում բանակի վարկանիշին: Բոլոր նախարարների օրոք բանակը զարգացել է, բայց բոլորի օրոք էլ եղել են թերություններ՝ ընդգծեց ոլորտի նախկին պատասխանատուն, նկատեց՝ իսկ հիմա բանակից խոսում են մարդիկ, որ դրանից շատ հեռու են: Անդրադառնալով երեկվա միջադեպին՝ Օհանյանը նշեց, օգոստոսի 2-ից համբերատար լսել է իշխանության քննադատությունները, նաև վիրավորական խոսքեր, բայց դավաճանության մասին պետք է խոսել փաստերով:
Սեյրան Օհանյան - Դուք ասում եք՝ դավաճան են, այո՛, իմ ժամանակ եղել են թերություններ, և դրանք այսօր էլ կան, և դուք ուզում եք, ի՞նչ է՝ այդ վիրավորանքների համար ծափահարե՞մ, «արա»-ով խոսելու ու, ի վերջո, մենք կարող ենք խոսել Հայկ Սարգսյանի հետ առանձին ու հասկանալ, ու չգիտեմ այս տեսարանի վերածել, ոչ թե ինչ-որ հատուկ խփելու, չգիտեմ՝ մտադրություն է ունեցել, այլ վրդովմունքի մտադրություն է ունեցել:
«Հայաստան» դաշինքը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը՝ եզրափակեց Օհանյանն ու պատրաստվում էր թիմակիցների հետ դուրս գալ, բայց ամբիոնին մոտեցած իշխանական խմբակցության ղեկավարի խնդրանքով մնաց դահլիճում:
ԿՈՆՋՈՐՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Կոնջորյանը դիմեց Օհանյանին ու հայտարարեց՝ երեկ դուք խրամատավորվեցիք՝ ձեր աթոռին նստած, ու շիշ նետեցիք ամբիոնից խոսացող պատգամավորի ուղղությամբ, իսկ այդ շիշը, ըստ Հայկ Կոնջորյանի, նետվեց ոչ թե Հայկ Սարգսյանի, այլ ժողովրդի ուղղությամբ:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - էս աթոռները, որոնց վրա մենք նստած ենք, բոլորը ժամանակավոր, բայց նույնականացած են անձանցով, դուք ունեք ձեր աթոռը, ես ունեմ իմ աթոռը, միակ հատվածը էս դահլիճում, որ անհատականացված չէ, էս ամբիոնն է: Սա ժողովրդի ու ժողովրդավարության հավաքական հրապարակն է, և որևէ մեկը, երբ այս ամբիոնից խոսում է, խոսում է ժողովրդի անունից, և որևէ ոտնձգություն դա ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ:
Դավաճան, հողատու, կապիտուլյանտ՝ այս մեղադրանքներին էլ Կոնջորյանը հերթով անդրադարձավ: Դիմելով «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքներին՝ պնդեց՝ 20 տարի շարունակ այդ քաղաքական ուժերի ղեկավարները միջազգային հարթակներում բանակցել են հողերը տալու մասին, սակայն երկրի ներսում դարձել՝ ոչմիթիզական: Ստի վրա կառուցված քաղաքականության նպատակը սեփական իշխանությունը երկարաձգելն էր, որը պայթեց 2020 թվականին, ասաց Հայկ Կոնջորյանը՝ սա բնորոշելով դավաճանություն: Ինչ վերաբերում է հողատու մեղադրանքին, ապա Կոնջորյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2016 թվականի հայտարարությունը, որում նա մարտավարական ու ռազմավարական տեսանկյունից ոչ մի նշանակություն չունեցող էր բնորոշել քառօրյայի արդյունքում կորցրած 800 հա տարածքը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիոն բնորոշող ուժերին էլ Կոնջորյանը հիշեցրեց՝ նախընտրական շրջանում նրանցից ոչ ոք այդպես էլ չհայտարարեց իշխանության գալու դեպքում Հայաստանի ստորագրությունը այդ փաստաթղթից հետո կանչելու մտադրության մասին:
Հայկ Կոնջորյան - Սա նշանակում է՝ դուք տեր եք կանգնելու ձեր կապիտուլյացիային, սա նշանակում է՝ դուք էլ եք այսպիսին, բայց ավելին, դուք երեսպաշտ կապիտուլյանտ եք, քանի որ ցանկանում եք այդ ակտը օգտագործել ու իշխանությունը բռնազավթելու համար հետո շարունակել սիրուն սպասարկել այդ փաստաթուղթը:
Եռօրյա թեժ քննարկումն այսօր ավարտվեց: Կառավարության ծրագիրը ընդունվեց 70 կողմ ձայնով: Քվեարկեց միայն իշխող խմբակցությունը: