Ազգային ժողովի օթյակից նիստերի դահլիճի միջադեպերի ընթացքում լրագրողներին հեռացնելու որոշումը կվերանայվի: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ օթյակից լրագրողներին հեռացնելու անվտանգության աշխատակիցների գործողություններն այնքան էլ հիմնավոր չեն:
Արթուր Հովհաննիսյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Անվտանգության աշխատակիցների հետ հրմշտոցը պայմանավորված էր նրանով, որ նրանք կատարում էին ԱԺ խորհրդի որոշումը, դա նրանց պարտականությունն է, թեև լրագրողների հետ միջադեպը տհաճ է, բայց ես կարծում եմ, որ երկուստեք պետք է հասկանան, թե ինչ իրավիճակ է: Չեմ կարծում, որ խնդիրը լուծելի չէ, կվերանայվի այդ որոշումը:
8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո մի քանի անգամ նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև միջադեպ է գրանցվել: Այն պահին, երբ դահլիճում սկսվում է լարվածություն և Ազգային ժողովի նախագահի հորդորով միջամտում են անվտանգության աշխատակիցները, օթյակից հեռացնում են նաև լրագրողներին՝ պատճառաբանելով, թե նիստերի դահլիճում աշխատող իրենց գործընկերներին ծառայության ընթացքում չի թույլատրվում տեսանկարահանել: Լրագրող Լիլիթ Կասյանը մինչդեռ հակադարձում է՝ միջադեպերն ամբողջությամբ նկարահանում են այդ պահին դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորները:
Լիլիթ Կասյան, լրագրող - Այն, ինչ կատարվում է ԱԺ նիստերի դահլիճում, արդեն ուղիղ եթերում նկարվում է: Այսինքն՝ մեզ այնտեղից դուրս հանելու իմաստ չեմ տեսնում: Իհարկե, այդ հարցը երեկ կարգավորվեց, ԱԺ նախագահն ասաց՝ լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվի, բայց այն, ինչ կատարվեց նախորդ երկու օրերին, ինձ համար անընդունելի է:
Արթուր Հովհաննիսյանը թեև համարում է, որ անվտանգության աշխատողների հիմնավորումները հասկանալի են, այդուհանդերձ, կարծում է, որ եթե նիստերի սրահում պատգամավորները միջադեպերը նկարահանում են, լրագրողներին օթյակից հեռացնել, անտրամաբանական է:
Արթուր Հովհաննիսյան - Հնարավոր չէ կանոնակարգել այն իրավիճակը, երբ պատգամավորը նիստերի դահլիճում նկարահանում է այն, ինչ չի կարելի նկարել: Այստեղ տրամաբանական է, որ լրագրողներին անտեղի թույլ չեն տալիս նկարահանել, որովհետև վերջին հաշվով դա նկարահանվում է:
Որոշման վերանայման մասին երեկ խոսեց նաև խորհրդարանի ղեկավարը: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ եթե նիստերի դահլիճում կրկնվեն միջադեպերը, լրագրողներն օթյակից չեն հեռացվի: Լրագրող Լիլիթ Կասյանը շեշտեց՝ երբ հորդորում են օթյակից դուրս գալ, զրկվում է աշխատելու հնարավորությունից:
Լիլիթ Կասյան - Ես իմ նկարահանումն անում եմ օթյակից և իմ ռեպորտաժի համար պետք է լինեմ օթյակում: ԱԺ միջանցքում գտնվելով՝ չեմ կարող ռեպորտաժ պատրաստել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերին առնչվող հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել Գլխավոր դատախազություն:
Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող - Սահմանադրությունն ասում է՝ լրագրողները կարող են տեղեկություն փնտրել և ստանալ այնքան, որքանով դա չի հակասում օրենքին:
Երկու հայց էլ, ըստ Իոաննիսյանի, ներկայացրել են Վարչական դատարան, մեկը վերաբերում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին նկարելու արգելքին, մյուսը՝ նիստերից մեկի ուղիղ հեռարձակման կասեցմանը:
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնեցին՝ ստացել են հանցագործության մասին երկու հաղորդում, ուսումնասիրում են: