Ծափերով է ինժեներական համայնքը դիմավորում ժամում մոտ 10 հազար դետալ հավաքող ու միկրոսխեմաներ ստեղծող հոսքագծի առաջին գործարկումը Հայաստանում: Ցանկացած էլեկտրոնային սարքի մեջ տեղադրվող այս բազմաշերտ տպասալերի վրա ռադիոէլեկտրոնային կոմպոնենտների հոսքագծով արտադրությունը մի քանի անգամ ավելի բարձր որակ կապահովի ինժեներների համար: Երեք աշխատանքային բլոկով անցնող ամեն հատվածում վերահսկում են, որ ճշգրտությունը 50 միկրոմետր լինի:
Զորիկ Մարկոսյան (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող) - Սարքի վրա քսում է հատուկ նյութ, որը բարձր ջերմաստիճանում հալվում է և դառնում դետալների կապող նյութը:
Հետո տեղադրում են տպասալի վրա, ապա ստուգում՝ եթե ամեն ինչ կարգին է, 5 րոպե հալվելուց հետո զոդվում են տպասալի վրա: Մեկ պլատայի վրա կա մոտ 200 դետալ:
Արամ Ղուկասյան (Ինժեներական քաղաքի Երևանի ինժեներական ասոցիացիայի արտադրության տնօրեն) - Էստեղ շատ հիանալի մի պրոցես տեղի ունեցավ, մտնում ենք նոր ոլորտ: Եթե առաջ էստեղ ամեն ինչ ձեռքով էր, ապա հիմա ամեն ինչ ավտոմատ է, բացի դրանից, արագություն, որակ:
Բիլլի Մինասյան (Ինժեներական քաղաքի գործարանի էլեկտրոնիկայի գծով ինժեներ) - Սա մեր արտադրած առաջին պլատան է, արդեն կոմպոնենտները ստուգված են, սարքն օգտագործվելու է որպես հարթաչափ, որ բավականին պահանջարկ ունի շուկայում:
Որակի հետ գնով էլ են փորձում մրցել նույնիսկ էժան արտադրանք առաջարկող չինական շուկայի հետ: Ու եթե նախկինում հայկական ընկերությունները ստիպված էին դրսից պատվիրել, հիմա հետազոտությունից մինչև նախագծում ու արտադրություն կկարողանան Երևանի ինժեներական քաղաքում կազմակերպել:
Մարինա Մինասյան («Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար) - Պետք են հատուկ հաստոցներ, գործիքներ գերճշգրիտ չափող, որոնք նորաստեղծ ընկերությունների համար բավականին թանկ են: «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակն էր հենց մեկտեղել այս ընկերություններին մի տեղ, որտեղ կարողանան բոլոր ընկերությունները, որ գործում են Ինժեներական քաղաքում կամ գործում են Հայաստանում, կարողանան օգտվել այդ սարքավորումներից:
Թվային կառավարումով այլ բարդ սարքավորումների փորձ էլ ունեն, խառատայինից մինչև հղկող հաստոցներով դրսի պատվերները Հայաստանում են իրականացնում: Գործարանն այսօրվանից արդեն կգործի Ինժեներական քաղաքում: Հետո կթեստավորեն, կստուգեն ու կփաթեթավորեն արտադրածը: Մինչև այդ էլ կմիանան ինժեներական միտքն ու դասական երաժշտությունը: