Թուրքիայի Ամասիայի թանգարանում հայկական մշակութային ժառանգության նմուշները ցուցադրվում են Բյուզանդիայի պատմության ցուցասրահում, ու դրանց հայկական ծագումը լռության է մատնվում։ Անգամ բաց վիճակում ցուցադրվող հնագույն հայերեն Աստվածաշունչ գրքերի համար որևէ տեղ նշված չէ, որ հայերեն են, գրում է Ermenihaber-ը։
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ։ Բայց ոչ մի բացատրություն չկա այն մասին, թե դրանք որտեղից ու ինչ ճանապարհներով են այդտեղ հասել, իսկ եթե կա, շատ թերի, կցկտուր է։ Աստվածաշունչները հայերեն են, բայց հայերեն լինելու վերաբերյալ այցելուներին ոչ մի տեղեկություն չի տրվում:
Դա առաջացրել է Թվիթերի թուրքական տիրույթի օգտատերերից շատերի վրդովմունքը: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել թանգարանի անփորձության, անտեղյակության, անտարբերության ու գիտակցաբար տեղեկությունները կոծկելու միտման առիթով: Նրանց համոզմամբ՝ դա Թուրքիայում անցյալի հանդեպ անվերջ վախի փայլուն դրսևորում է:
Թվիթերի օգտատերերից մեկը նույնիսկ տարակուսանք է հայտնել թանգարանի մյուս բաժիններում ներկայացվող տեղեկությունների իսկության վերաբերյալ: «Եթե ինձ ծանոթ թեմաներում վիճակն այսպիսին է, ինչպիսի՞ սխալներ կարող են լինել այն բաժիններում, որոնց մասին գիտելիքներ չունեմ։ Ինչպե՞ս կարող եմ հավատալ այստեղ կարդացած բացատրություններին։ Արդյոք այս թանգարանը որևէ ճիշտ տեղեկություն ներկայացնո՞ւմ է»,- գրել է օգտատերը։