«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Քաթարի թիմը մրցույթին հետևել է դիտորդի կարգավիճակով:
Օգոստոսի 25-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստության բարձր մակարդակ, ծավալվել է համառ և թեժ պայքար:
Օգոստոսի 26-ին մասնակիցներն ուժերն են չափելու «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում: «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձևի ընդհանուր հաղթողը: