Միջազգային մի շարք կազմակերպություններ դադարեցրել են Աֆղանստանին նախատեսված ֆինանսական աջակցությունը: Աֆղանստանի վերակառուցման ծրագրերի գծով ԱՄՆ հատուկ տեսուչը հայտնել է, որ այդ երկրի բյուջեի 80%-ը ձևավորվում է միջազգային օգնությունից: Թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Աֆղանստանը կկորցնի այդ գումարը:
Աֆղանստանին տրվող ֆինանսական օգնությունն արդեն հետ է վերցրել Համաշխարհային բանկը՝ դադարեցնելով այդ երկրի վերակառուցման ծրագրերը, նաև ԱՄՀ-ն, որը օգոստոսին պետք է Աֆղանստանի կառավարությանը տրամադրեր 440 մլն դոլար: ԱՄՆ կառավարությունն էլ սառեցրել է մոտ 7 մլրդ դոլարի աֆղանական արժույթի պահուստները:
Բացի այդ, Աֆղանստանին օգնության ծրագիրը կասեցրել է Գերմանիան: Այս տարի Բեռլինը պետք է Քաբուլին տրամադրեր 300 մլն դոլարի օգնություն: Նույնն են արել Շվեդիան և Ֆինլանդիան:
Եվրամիությունը նույնպես կդադարեցնի Աֆղանստանի զարգացման աջակցության համար նախատեսված վճարումները (2021-2024 թթ. այն պետք է կազմեր 1,4 մլրդ դոլար): Միաժամանակ կավելանա մարդասիրական օգնությունը:
Օգոստոսի 19-ին Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ այս տարի Աֆղանստանին մարդասիրական օգնությունը կհասցնի 268 մլն ֆունտի: Կառավարությունը, սակայն, չի ասել, թե թալիբների կողմից Աֆղանստանի վերահսկողությունը ինչպես կազդի այս վճարումների վրա:
Հայտնի չէ նաև, թե Աֆղանստանում իշխանափոխությունից հետո ինչ ճակատագիր կունենա դոնորների խոստացած 12 մլրդ դոլարի օգնությունը:
Մինչդեռ ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը ահազանգում է, որ Աֆղանստանին մարդասիրական աղետ է սպառնում:
Աֆղանստանը աղքատ երկիր է, որը միշտ հենվել է միջազգային օգնության վրա, նույնիսկ մինչև այս ամսվա սկզբին «Թալիբանի» իշխանության գալը: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակնկալում է, որ հումանիտար իրավիճակը կվատթարանա ուժեղ երաշտի, ձմռան և կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Աֆղանստանում կազմակերպության ներկայացուցիչ Սեմ Մորթը նշել է. «Աֆղանստանը ճգնաժամի մեջ է, 10 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի և մինչև տարեվերջ տառապելու է կյանքին սպառնացող թերսնումից»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ նախազգուշացրել է, որ դեղորայքը կբավարարի ընդամենը մեկ շաբաթ: Մինչդեռ զանգվածային տարհանման պատճառով Քաբուլի օդանավակայանը չի կարողանում ընդունել առևտրային թռիչքները: