Աֆղանստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ Քաբուլի օդանավակայանում կատարված պայթյունի հետևանքով զոհվել է 4 տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ ամերիկացիներ, իսկ վիրավորների թիվը հասնում է 100-ի: «Թալիբան» շարժումն արդեն պայթյունների պատասխանատվությունը բարդել է ահաբեկչական մեկ այլ կազմակերպության՝ «Իսլամական պետության» գրոհայինների վրա և նշել, որ ահաբեկչությունից տուժել են նաև թալիբներ, գրում է Reuters-ը:
Շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդն էլ հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը զգուշացրել էր ամերիկացի զինվորականներին ԴԱԻՇ-ի սպասվող հարձակման մասին:
Քաբուլի միջազգային օդանավակայանում այսօրվա հարձակումներից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հրավիրել են արտակարգ հանդիպում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քաբուլում տեղի ունեցած պայթյունների պատճառով անորոշ ժամանակով հետաձգել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, որը այցով գտնվում է Դուբլինում, հայտարարել է, թե Աֆղանստանում ստեղծված իրավիճակը պահանջում է Քաբուլից Ֆրանսիայի դեսպանատան անհապաղ տարհանում: Մակրոնը հաստատել է, որ Փարիզը չի ընդունում Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբանին»: