44-օրյա պատերազմի մասնակիցներն անվճար կրթության հնարավորություն կստանան. Հայ կրթական հիմնարկությունը հավաստագրեր բաժանեց ծրագրին դիմած 135 մասնակցի:
Արմինե Հարոյան, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն - Եվ եթե ուսանողին մենք հովանավորում ենք 1 տարի, մենք շարունակելու ենք հովանավորել մինչև 4-րդ կուրս, մագիստրատուրայի ավարտ, ասպիրանտուրայի ավարտ, բժշկականի դեպքում՝ արդինատուրայի ավարտ՚ Որպեսզի ուսանողը մնա մեր ծրագրում, պետք է լավ սովորի, դա մեր առաջին պահանջն է:
Շուրջ 20 տարի է Հայաստանում գործում է Հայ կրթական հիմնարկությունը, աջակցում ուսանողներին: Այս տարի ծրագիրն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից, վիրավորում ստացած, ինչպես նաև ընտանիքում զինվոր կորցրած ուսանողներին: Հիմնարկությունը, բացի կրթաթոշակներ տրամադրելուց, փորձելու է նաև աշխատանքով ապահովել մասնակիցներին:
Վաչե Վարդանյան, Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ - Կրթական հիմնարկության շնորհիվ գտնելու են աշխատանք, անցնելու են պրակտիկա տարբեր կազմակերպություններում:
Երկրի հզորացման կարևոր պայման է կրթության զարգացմանը նպաստելը՝ ասում է բարերար Սեդա Դավթյանը նկատելով՝ տեխնոլոգիաների հզորացումը նպաստում է որակյալ կրթություն ստանալուն:
Սեդա Դավթյան, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան հանձնախմբի անդամ, բարերար - Կարևորը քո երկիրն է, դու պիտի կարողանաս ծառայել քո երկրին: Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի երիտասարդներին, մեր զինվորներին, որ գնացին: Հույս ունենք, որ դրանով առնվազն մի փոքրիկ պարտք ենք կատարել մեր ունեցած հնարավորությունների սահմանում:
Հայկ Նալբանդյանն Արցախյան 44-օրյա պատերազմում մինչև նոյեմբերի 8-ը հերոսաբար կռվել է թշնամու դեմ, նոյեմբերի 8-ին վիրավորում ստացել ու կիսատ թողել ծառայությունը: Հիմա վերականգնվել, իրեն ուսմանն է տրամադրել: Ագրարային համալսարանի ջերմատնային տնտեսությունների ստեղծման բաժնում է սովորում:
Հայկ Նալբանդյան, 44-օրյա պատերազմի մասնակից - Ուսմանս վարձը փոխանցվում է, և ես ավելի պարտավորված եմ զգում ինձ՝ ուսումս շարունակելու և խորանալու դրա մեջ: Դրանից հետո ինչ-որ աշխատանքի կանցնեմ, որ կարողանամ երկրիս ինչ որ բանով օգնել:
Հանուն հայրենիքի կյանքը վտանգած երիտասարդները մտադիր են առաջիկայում էլ գիտելիքները, մասնագիտական հմտությունները ներդնել Հայաստան պետության շենացման գործին: