Սվետլանա Աբրահամյան («Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայր» ՀԿ ծրագրերի օգնական) - Ֆինանսավորվում է «Ինտերնեյշանալ Վիշեգրադ ֆոնդի» կողմից: Ծրագրի նպատակը հիմնականում փորձի փոխանակումն է երկրների միջև և նոր հնարավորությունների ստեղծումը:
Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի ագրոէկոզբոսաշրջության փորձագետները Չրի տանն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում Հայաստանի տարբեր բնակավայրերի 17 հյուրատների հիմնադիրներին: Ներկայացնում են միջազգային փորձը, հաջողված օրինակներն ու ագրոբիզնեսի զարգացման հիմունքները:
Սվետլանա Աբրահամյան - Հայաստանն ունի ագրոէկոտուրիստական մեծ պոտենցիալ, որը մինչ օրս այնքան էլ մեծ չափով չի իրականացվել, և էս ծրագրի միջոցով այս հյուրատների հիմնադիրները նոր փորձ են ձեռք բերում և հասկանում, թե ի՛նչ ուղղությամբ իրենք կարող են շարժվել, որպեսզի և՛ իրենց բիզնեսը զարգանա, և՛, ընդհանուր առմամբ, Հայաստանը ավելի շատ ճանաչված դառնա։
Լեհ փորձագետի խոսքով՝ այս ոլորտում Հայաստանը և Լեհաստանը շատ ընդհանրություններ ունեն։ Այդ նպատակով էլ մանրամասն ներկայացրեց իր երկրի ագրոէկոզբոսաշրջության հաջողակ մոդելները։
Մարիա Սանիշովսկա (փորձագետ Լեհաստանից) - Հայաստանը հրաշալի երկիր է ագրոէկոզբոսաշրջության առումով։ Այստեղ ագրո- և էկոզբոսաշրջության մի քանի ուղղություններ տեսա, որոնց նախապատվություն են տալիս եվրոպացի զբոսաշրջիկները, հատկապես ձեր գյուղական առանձնահատկություններով հանգստյան տները։
Չեխիայից ժամանած Կատերինայի խոսքով էլ՝ Հայաստանը զբոսաշրջության այս ուղղության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կարծում է՝ ուժերի համատեղման և արդյունավետ համագործակցության միջոցով այն հնարավոր է զարգացնել։
Կատերինա Հոլմովա (փորձագետ Չեխիայից) - Ամեն ինչ աճում է այստեղ, համեղ է ու քաղցր։ Կարծում եմ՝ Հայաստանում ձևավորված փոքր տնտեսությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է կոոպերացիայի զարգացումը։ Կոոպերատիվ մեխանիզմների ներդրումը ձեզ հնարավորություն կտա համատեղ հաջող ագրոբիզնես վարել։
Որպես հաջողած ագրոզբոսաշրջային մոդել՝ մասնակիցները շրջեցին Չրի տանը։ Ծանոթացան օրգանական ելակի մշակությանը, հատուկ եղանակով չրերի չորացմանն ու պատրաստմանը, այցելեցին սնկի արտադրամաս և համտեսեցին արտադրանքը։
Ծովիկ Օհանյան («Բյուրակն» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ) - Եվ Էստեղ մենք էլ ենք ցանկանում մեր աշխատանքով, մեր ունեցվածքով, մեր չարչարանքով ինչ-որ ձևով խթան հանդիսանանք ագրոտուրիզմի զարգացմանը։
Արտասահմանցի փորձագետներին լսելուց հետո սեմինարի մասնակիցների մոտ նոր գաղափարներ առաջացան։
Անահիտ Մարտիրոսյան («Նոյի օջախ աղավնատուն» գաստրոբակի հիմնադիր) - Իրենց գաղափարների մեջ ես հանդիպեցի այն գաղափարին, որը ես այս պահին փորձում եմ ներդնել Հայաստանում: Ներառական հյուրատան մասին է խոսքը, հատուկ կարիքներով մարդկանց, երեխաների, ովքեր ունեն խնդիրներ և ունեն հանգստանալու խնդիրներ։
Այս ձևաչափով հանդիպում-քննարկումները նպաստում են Հայաստանում ագրոէկոզբոսաշրջության ծառայություններ մատուցող ընկերությունների կարողությունների զարգացմանը։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան