Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի երկրներին պատրաստվել նոր համաճարակի դեմ պայքարին առաջիկա երեք ամսվա ընթացքում: Այս մասին նա հայտարարել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է eadaily-ն:
Ըստ Գեբրեյեսուսի՝ աշխարհում իրավիճակը կայունացել է, սակայն հիվանդացությունն ու մահացությունը մնում են շատ բարձր մակարդակի վրա:
«Առաջիկա երեք ամիսները կրիտիկական ժամանակաշրջան կլինեն ապագա համաճարակին նախապատրաստվելու և դրա դեմ միջոցառումներ իրականացնելու համար»,- ասել է Գեբրեյեսուսը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերի կայունացման մասին` շաբաթական մոտ 4,5 մլն նոր դեպք: Կազմակերպությունը ենթադրում է, որ գրեթե երկամսյա աճից հետո շաբաթական նոր դեպքերի թիվը կկայունանա:
Համաճարակի սկզբից աշխարհում 214 մլն մարդ է հիվանդացել, պաշտոնական գնահատականներով ՝ 4,46 միլիոնը մահացել է:
Ներկայումս բուժվում է ավելի քան 18 մլն մարդ, որոնցից 113 հազարը գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Միացյալ Նահանգները մեկ տարուց ավելի դարձյալ առաջին տեղում է վարակվածների և մահացածների թվով, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը:
Աշխարհի բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 1.92 մլրդ մարդ, լիովին պատվաստվել է: Ի դեպ, ավելի ու ավելի շատ ապացույցներ են ստացվում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ազդեցությունը թուլանում է 5-6 ամսվա ընթացքում: