Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում՝ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բանավանում նախատեսվող 12 հարկանի բնակելի շենքի կառուցապատման աշխատանքների շուրջ իրավիճակը չի հանդարտվում։ Բանավանի բնակիչները դեմ են կառուցպատմանը մի շարք պատճառներով:
Սեդա Գրիգորյան, բանավանի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ - Այն կառուցապատման նախագիծը, որը ներկայացված է Ալիխանյան 6/1 հատվածի համար, խնդրո առարկա է ոչ միայն նրանով, որ այդ հատվածում այն բացարձակապես ընդունելի չէ, ոչ միայն նրանով, որ կառուցապատման ծրագիրը լի է կեղծիքներով, այլև նրանով, որ դրանով վստահաբար կսկսվի ամբող թաղամասի կենսագործունեության խաթարում
Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի ներկայիս սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը շինթույլտվություն է ստացել այս տարվա հուլիսի 29-ին։ Նախագծի համաձայն` այստեղ թույլատրվում է 45 մ բարձրությամբ շինություն կառուցել։ Ըստ 5 մլն դոլար արժողությամբ ծրագրի` 12 հարկանի շենքն ունենալու է 90 բնակարան, 50 ստորգետնյա և 30 բացօթյա ավտոկայանատեղի։
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ - Ֆիզիկայի բանավանում շինթույլտվության գործընթացն սկսվել է 2019-ի սկզբից և, ի վերջո, 2021-ի հուլիսի 29-ին տրվել է շինարարության թույլտվություն: Այսինքն՝ 2.5 տարվա ընթացքում այս հարցը տարաբնույթ քննարկումների միջով է անցել:
Փաստաբան Դավիթ Ազիզյանի խոսքով՝ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման գործընթացն ընթացել է օրենքի կոպիտ խախտումներով:
Դավիթ Ազիզյան, փաստաբան - Կադաստրային գործում բացակայում են փաստաթղթեր, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանին ուղղված բողոքը, որը հիմք է հանդիսանում մեզ համար ենթադրելու, որ այստեղ կոռուպցիոն կապեր են եղել, և պետական մարմինները մեծ ջանքեր են գործադրել՝ այդ սեփականատիրոջ իրավունքները պահպանելու համար:
Երևանի քաղաքապետարանը գործում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին ի պատասխան նշում է քաղաքապետի մամուլի խոսնակն ու հիշեցնում, թե ժամանակին Երևանում ինչպես էին սեփականաշնորհվում տարածքները:
Հակոբ Կարապետյան - 90-ականներին, 2000-ականներին Երևանում հեկտարներով տարածքներ են մասնավորեցվել, մենք կարող ենք առերևույթ դրանց օրինականացման հիմքերի վերաբերյալ կասկածներ հայտնել, բայց դրանք պետք է հիմնավորվեն կամ հերքվեն համապատասխան ընթացակարգով և համապատասխան մարմինների գործողությունների արդյունքում:
Կողմերը մեղադրում են մեկը մյուսին: 2021-ի փետրվարին ԿԳՄՍ նախարարությունը տարածքին տվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Ըստ կառուցապատող ընկերության տնօրենի՝ դա արվել է, որպեսզի կառուցապատումն արգելվի:
Արթուր Մնացականյան, կառուցապատող կազմակերպության տնօրեն - Մեր շինարարությունն ապօրինի չէ, խնդրում եմ բոլոր այդ արտահայտությունները կատարած մարդիկ իմանան, որ դա ապօրինի չէ: Ապօրինի կլիներ, եթե մենք չունենայինք շինթույլտվություն:
Նորահայտ հուշարձանի կարգավիճակը կարող էր քաղաքապետարանի համար հիմք հանդիսանալ՝ շինթույլտվության տրամադրման գործընթացը կասեցնելու համար, բայց մայիսի 6-ին ԿԳՄՍ փորձագիտական հանձնաժողովի նիստին որոշվել է «Ռատկո» ընկերությանը պատկանող տարածքը նորահայտ հուշարձանի կազմից հանել՝ հաշվի առնելով ներկայացված հիմնավորումներն ու հանգամանքը, որ տարածքը ծանրաբեռնված չէ համալիրի մաս կազմող որևէ շինությամբ: