Օգոստոսի 23-25-ը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխնախագահ Մուստաֆա Սայիդ Քադերի, փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, Ազգային ժողովի նախագահ Ռեվազ Ֆաիքի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դիզայիի, ինչպես նաև Էրբիլի, Դհոկի, Զախոյի և Մոսուլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպան Հր. Փոլադյանի ներդրած ջանքերը և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական առաքելության իրականացման մեջ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները շեշտել ս.թ. փետրվարին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը, որը կարևոր ազդակ է երկու ժողովուրդների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման համար: Կարևորվել է նաև Էրբիլի հնամենի միջնաբերդում Հայկական մշակութային կենտրոնի բացումը:
Դեսպան Հ. Փոլադյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի համար:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Դհոկ կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը այցելել է նաև եզդի ժողովրդի սրբատեղի Լալեշ, որտեղ հանդիպում է ունեցել աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխի, եզդիական համայնքի ղեկավար Միր Միրայի հետ:
ՀՀ դեսպանին շնորհակալություն են հայտնել հայ և եզդի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած անձնական ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: