Գիտաշխատողները մանրէներն ուսումնասիրել, որոշներն առանձնացրել, փորձարկել ու գյուղատնտեսության համար մի նոր, էկոլոգիապես անվտանգ կենսաբանական լուծույթ են ստեղծել, դրանով ֆերմերները կարող են պայքարել վնասակար միջատների դեմ:
Սոնա Ավետիսյան (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Պատրաստուկը ստացվում է շտամից մանրէ աճի ընթացքում՝ սպորներ է առաջացնում: Բյուրեղները միջատը ուտում է, սատկում:
Ստացված լուծույթը նախ լաբորատորիա հասած միջատների վրա են փորձարկել, հետո արդեն բույսերի տերևներին են ցողել. արդյունքը գոհացրել է: Որոշ մշակաբույսերի դեպքում գործընթացը մինչև բերքահավաք 3 անգամ պետք է կրկնել:
Սոնա Ավետիսյան (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող) - Ինչու ենք մի քանի ցողում անում, որովհետև միջատները ունեն մի քանի սերնդափոխություն:
Օրինակ՝ խաղողի թշնամին համարվող ողկուզակիրը սեզոնին 6 սերնդափոխություն է ունենում: Դրա համար կան լուծույթը կիրառելու հստակ ժամկետներ: Ստացման տեխնոլոգիան էլ անթափոն է ու բացարձակ անվնաս շրջակա միջավայրի համար:
Անիչկա Հովսեփյան (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի առաջատար գիտաշխատող) - Անվնաս է մեղուների, կենդանիների ու մարդու համար, կարող ենք ստանալ էկոլոգիապես մաքուր սնունդ:
Նույն մանրէից այստեղ նաև մեկ այլ լուծույթ են ստացել, որը փորձարկել են ավելի քան 70 բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատիկի, գեղազարդ բույսերի, դեղաբույսերի վրա ու հասկացել՝ այն ակնհայտորեն խթանում է բույսերի աճը:
Անիչկա Հովսեփյան - Այս երկու նկարում մանրէային մելանին է ավելացվում տարբեր կոնցենտրացիաներով:
Այս դեպքում արդեն ոչ թե բույսերը ցողում են, այլ սերմերը տնկելուց առաջ մի քանի ժամ թողնում լուծույթում: ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում այս արդյունքը ստացել են Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ու մասնավորի համաֆինանսավորմամբ:
Ծրագիրը համաֆինանսավորել է «Վիպեկո» ընկերությունը, մանրէն հենց այստեղ՝ տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաներով հագեցած մանրէաբանական այս արտադրամասում է աճեցվում ու միջատասպան լուծույթը վերջնական կիրառության փուլ հասցվում:
Արա Հակոբյան («Վիպեկո» ընկերության տնօրեն) - Փորձում ենք այնպես անել, որ ունիվերսալ դառնա՝ բաց գրունտի և փակ գրունտի համար: Տեխնոլոգիան պետք է մշակենք, հասցնենք արդյունաբերական մասշտաբների:
Լուծույթի պահպանման ժամկետը մեկ շաբաթ է: Արդյունավետությունը պահպանելու համար այս լաբորատորիայում այդ զանգվածը ջրազրկում են, չորացնում:
Արա Հակոբյան - Ունենք այնպիսի մի զանգված, որը կարող ենք հեռու տեղ տեղափոխելու դեպքում չորացնենք, որ տրանսպորտային ծախսերը քիչ լինեն:
Առաջիկայում Վայոց ձորի խաղողի այգիներում փորձարկումների վերջին փուլն է: Եթե այս անգամ էլ արդյունքը դրական լինի, պատրաստվում են տեղական միջատասպանը շուկա դուրս բերել:
Հեղինակներ՝ Քրիստինե Ոսկանյան, Հայկուշ Ասլանյան