Սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին կսկսվի առկա ձևաչափով, բայց անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ՝ դիմակներով, ձեռքերի ախտահանմամբ: Եթե դասարանում աշակերտների թիվը գերազանցում է 20-ը, դասերը կանցկացվեն օրումեջ սկզբունքով: Դպրոցներին նաև դասերն ամենօրյա ձևաչափով անցկացնելու հնարավորություն կտրվի, միայն թե այդ դեպքում պարտադիր է նախարարության գրավոր համաձայնությունը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դպրոցները կարող են դիմել և համապատասխան կանոնների պահպանմամբ անցնել ամենօրյա ուսուցման ռեժիմի, դասապրոցեսը չիրականացվել օր ու մեջ կիսված դասարանների սկզբունքով, եթե կարողանում են պահպանել կանոնները, որոնք նախատեսված են:
Պահպանվում է նաև դասերը ժամանակավորապես հեռավար անցկացնելու սկզբունքը, եթե 14 օրվա ընթացքում դպրոցում կորոնավիրուսով հիվանդների թիվը կգերազանցի 10 տոկոսը, կանցնեն հեռավար ձևաչափի: Այս ուսումնական տարում կգործեն նաև երկարօրյա խմբակները:
Ժաննա Անդրեասյան - Այս տարի շարունակում ենք ուսուցումը՝ թույլ տալով երկարօրյա խմբակների, արտաուսումնական խմբակների գործունեությունը:
Եթե դպրոցը երկարօրյա ծառայություն չունի, աշակերտին հնարավորություն կտրվի հաճախել այլ դպրոցների երկարօրյա խմբակներ: Այս տարի մոտ 37000 առաջին դասարանցիներն էլ դպրոց կգնան ուսումնական տարվա մեկնարկից մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին:
Ժաննա Անդրեասյան - Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը կազմակերպել մնացյալ դասարաններից մեկ օր շուտ:
Կշարունակվի նաև մանկապարտեզների ընդունելությունը, կգործեն նախապես գործող ընդունելության առաջնահերթությունները: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ դպրոցի միակ մասնագետին պահեստազորի վարժական եռամսյա հավաքներին են տանում, Անդրեասյանն ասաց, որպեսզի դպրոցներում կրթական պրոցեսը չընդհատվի, դիմել են պաշտպանության նախարարություն:
Ժաննա Անդրեասյան - Այն դեպքերում, որ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է դպրոցում, քննարկեն հնարավորությունը այդ մասնագետներին չզորակոչելու:
Որպեսզի առկա ուսուցումը ստիպված չլինեն ընդհատել, փոխնախարարը աշակերտներին ու ծնողներին ևս մեկ անգամ կոչ արեց՝ խստագույն հետևել համաճարակային կանոններին: