Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Գուգարք և Վանաձոր համայնքներում, որտեղ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցվում են «խելացի» անասնաշենքեր:
Առաջին կանգառը Գուգարք համայնքում էր: Այստեղ համայնքի բնակիչ Կարեն Քարհանյանը, օգտվելով «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրից, կառուցում է 50 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնաշենք՝ 35 մլն դրամ ընդհանուր արժողությամբ. գումարի 70 տոկոսը փոխհատուցվելու է պետության միջոցներից:
Առաջին փուլով աշխատանքներն ավարտված են, շուտով ավարտին կմոտենան նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները, իսկ հաջորդ տարի նախատեսում է արտերկրից ներկրել տոհմային, բարձր մթերատվությամբ կենդանիներ: Ֆերմերը նաև զբաղվում է թռչնաբուծությամբ, շինշիլաբուծությամբ և ճագարաբուծությամբ:
Հաջորդ կանգառը Վանաձոր համայնքն էր: Այստեղ ևս «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով համայնքի բնակիչ Վարդան Շաքարյանը վերակառուցում է «խելացի» անասնաշենք՝ 35 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար՝ 23 մլն դրամ ընդհանուր արժողությամբ. գումարի 50 տոկոսը դարձյալ փոխհատուցվելու է պետության միջոցներից:
Այս փուլում ֆերմայում իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ արդեն տարեվերջին, ըստ շահառուի, նախատեսում է ձեռք բերել տոհմային բարձր մթերատվությամբ կենդանիներ:
Գոռ Ասրյանը, ողջունելով ֆերմերների նախաձեռնողականությունը, հույս է հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև մյուս գյուղատնտեսների համար: