Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Շիրակի մարզ այցելած Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին, խոսել Շիրակի մարզի մասին, ներկայացրել հնարավորություններն ու ներուժը:
«Պարոն դեսպան, ուրախ եմ ձեզ Շիրակում տեսնելու, գիտեմ, որ մարզային այցերն առաջինը Շիրակից եք սկսում։ Մեր հյուրընկալ մարզն ավանդական գյուղատնտեսական ուղղվածությունից զատ ունի մեծ ներուժ մի շարք բնագավառներում։ Խոսքս, մասնավորապես, վերաբերում է զբաոսաշրջային հնարավորություններին։
Գյումրին հիանալիորեն պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, մարզի հյուսիսն էլ հիասքանչ հնարավորություններ է ընձեռում ձմեռային տուրիզմի զարգացման համար։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մենք կարողանանք ապակենտրոնացված համագործակցություն սկսել և հայ-արգենտինական դարավոր բարեկամության մեջ ամրապնդվեն նաև տնտեսական կապերը»,- ասել է մարզպետը։
Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում մարզպետի պատրաստակամությունը:
«Պարոն մարզպետ, ինձ ուրախացնում է ձեր նախաձեռնողականությունն ու համագործակցության պատրաստակամությունը։ Այնպես ներկայացրեցիք ձեր մարզն ու նրա հնարավորությունները, որ, միանշանակ, պարզ է ձեր ցանկությունը՝ գործակցության գործնական քայլերի գնալու»,- ասել է դեսպանը։
Կողմերն անդրադարձել են մի շարք ծրագրերի, խոսվել է Հայաստանում Արգենտինայի առևտրատնտեսական պալատ հիմնելու՝ դեսպանության նախաձեռնության ու այդ ծրագրի շրջանակներում մարզի գործարարներին ներգրավելու հնարավորությունների մասին։