Մի կորիզի պատմությամբ ստեղծված Հակոբի նեկտարինի այգին այսօր արդեն 7 հա է, 3-ը՝ բերքատու, 4-ը՝ նորատունկ։
Հակոբ Մարգարյան (նեկտարին մշակող) - Հենց էդ մի ծառը որ ունեինք, էդ մի ծառից էսի բազմացրել ենք:
Կարճ ժամանակ անց Հակոբը հասկացավ, որ նեկտարինի մշակությունը եկամտաբեր գործունեություն է։ Ավելին՝ իր փորձով կիսվեց համագյուղացիների հետ, որի արդյունքում Նալբանդյանում ավելի քան 10 ընտանիք հիմնել է նեկտարինի այգի։
Հակոբ Մարգարյան - Մի տարի, երկու տարի հետո արդեն ջոկինք, որ էս ապրանքը, ասենք, հնարավոր ա, որ շատացնենք, ու հնարավոր ա՝ կարողանանք արտահանենք ու տենց շատացրել ենք ու հիմի շահ գոհ ենք:
Սկզբնական շրջանում բերքը քիչ էր, փոքր ու մեր քիմքին անծանոթ համային հատկանիշներով։ Սակայն կարճ ժամանակահատվածում Հակոբը գտավ գերմանական դեղձին հայկական համ ու հոտ փոխանցելու սեփական մեթոդը։
Հակոբ Մարգարյան - Ծիրանի վրա պատվաստելուց ծառը ավելի երկարակյաց ա դառնում, ու իրա բերքն էլ ավելի լավ ա լինում որակով։ Ստեղ ունեմ 5 տարեկան ծառ, ասենք, որ մինչև 100 կգ, 150 կգ դաժե կարողանում ա բերք տա, 10 տարեկան ծառ ունեմ՝ մինչև 200 կիլո, այսինքն` մշակելուց ա:
Հայկական ծիրանի վրա պատվաստված գերմանական նեկտարինը մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում։ Ռուսաստանում ձեռքից ձեռք անցնող պտուղը Հակոբն արտահանողներին վաճառում է 350-500 դրամով։
Հակոբ Մարգարյան - Մի 2-3 տարի հետո սրանից արդեն երևի կունենամ 100-ից ավել տոննա, բերքի 80 տոկոսը արտահանում են ու, կարելի ա ասել՝ ավելի շատ:
Սեզոնից դուրս բերքն ավելի թանկ վաճառելու համար սառնարանային տնտեսություն է հիմնում։ Դիմել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրին։
Հակոբ Մարգարյան - Որ թանկ ծախեմ, դրա համար սառնարան եմ ուզում սարքեմ, դաժե արդեն հիմքը ունեմ թափած, ծախքը մի քիչ շատ ա, գրվել եմ էդ 0 տոկոս վարկից։
Նեկտարինի մշակությունը միայնակ է անում, ինքնուրույն է յուրացրել բոլոր նրբությունները։ Բայց բերքահավաքին մասնակցում է ավելի քան 30 մարդ։
Կարեն Պողոսյան (բերքահավաքի մասնակից) - Առավոտվա ժամը 8-ից որ մինչև իրիկվա ժամը 6-ը քաղես՝ 900 կգ, 1 տ կքաղես:
Բերքը մեկ առ մեկ, խնամքով դասավորում են արկղերի մեջ, որ նեկտարինը հանկարծ չվնասվի, գյուղացու արած գործը ջուրը չընկնի։
Ծաղկանուշ Միրզոյան