Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրն է, որը ևս առանց միջադեպերի չանցավ: Մինչ այդ ելույթ էր ունենում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ամեն ինչ սկսվեց, երբ Սարգսյանն ամբիոնից խոսեց բանակի խնդիրներից, ասաց՝ եթե բանակը 2008-ից զարգանար այնպես, ինչպես 2018-ից հետո, ապա պատերազմն աղետալի հետևանքներ չէր ունենա, ապա հավելեց.
Հայկ Սարգսյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Բոլոր այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով կամ զանգով ազատվողներ են եղել, նրանք հայրենիքի դավաճաններ են:
Սարգսյանի այս հայտարարությանը նիստերի դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, 2008-2016 թվականների Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ապա հետևեց ամբիոնից ելույթ ունեցած Սարգսյանի արձագանքը:
Նիստն ընդմիջվեց նախագահողի հրահանգով, իսկ Սեյրան Օհանյանի՝ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշը նետելուց հետո արդեն նիստերի դահլիճում անվտանգության աշխատողները կենդանի պատ կազմեցին ընդդիմադիր և իշխանական խմբակցության անդամների միջև:
Խորհրդարանի միջանցքում արդեն Սեյրան Օհանյանը փորձեց հիմնավորել, թե ինչու որոշեց նստած տեղից շիշը նետել ելույթ ունեցող պատգամավորի վրա:
Սեյրան Օհանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար - Իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը:
Արդեն ընդմիջումից հետո Հայկ Սարգսյանը, շարունակելով կիսատ մնացած ելույթը, վերահաստատեց իր դիրքորոշումը, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ղեկավարման տարիներին եղել են բանակից փողով ազատվածներ, դավաճաններ են:
Ելույթների համար գրանցված մոտ 50 պատգամավորից հաջորդն ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանը: Ընդդիմադիր պատգամավորի ելույթը կրկին սրեց իրավիճակը խորհրդարանի դահլիճում:
Վահե Հակոբյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Դուք հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ծրագիր կազմել, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում:
Հենց այս խոսքերին հետևեցին իշխանական պատգամավորների տեղից մեկնաբանությունները: Վահե Հակոբյանը կիսատ թողնելով ելույթը՝ շարժվեց դեպի ՔՊ պատգամավորները: Անվնատգության աշխատողները չհասցրեցին կանխել իշխանական և ընդդիմադիր պատգմավորների միջև բախումը: Այս անգամ արդեն բանը հասավ բռունցքներին:
Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ նյութեր են նախապատրաստվելու դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու համար: